Այսպես խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
-Պարոն Իսագուլյան, այն լուրը, թե հնարավոր է ՀՀ ԱԱ խորհրդի քարտուղար նշանակվի «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը, ցնցել է լրատվա-քաղաքական դաշտը: Դուք, որպես գլխավոր դերակատար, ցնցվա՞ծ եք:
-Անկեղծ ասած, համանման լուրեր բազմիցս են հնչել, երբ ես դեռ ՀՀ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական էի և հետագայում, երբ աշխատում էի ՀՀ Ազգային ժողովում որպես ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ: Այնպես որ, այդպիսի լուրերն ինձ համար դարձել են սովորական և ինձ վրա որևէ ցնցող տպավորություն չեն թողնում:
-Ըստ Ձեզ, Հայաստանին պե՞տք է ԱԱ խորհրդի քարտուղար:
-Անկասկած, այո, որովհետև Անվտանգության խորհուրդը այն մարմինն է, որտեղ քննության առարկա են դառնում երկրին ու ժողովրդին, ինչպես նաև ազգային ու պետական անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցեր և կայացվում են որոշումներ, որոնց գործադրումն այնուհետև հանձնարարվում է համապատասխան մարմիններին: Իհարկե, անչափ կարևոր է, որ այդ մարմնում բոլոր հարցերի նկատմամբ քննարկումները լինեն բաց և անկաշկանդ, և որոշումները կայացվեն ոչ թե անձերի շահերից ու պատեհ առիթով թելադրված, այլ բխեն բացառապես ազգի ու պետության շահերից: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի հիմնական խնդիրը պետք է լինի այդ հարցերի նախապատրաստումն ու ներկայացումը Անվտանգության խորհրդին:
-Ձեզ այդ պոստում տեսնո՞ւմ եք:
-Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական պայմաններում, բնականաբար, ոչ, որովհետև ես սովոր չեմ ձևական աշխատանքի, անտեղի պատվերներ կատարելու, քծնանքի և, որ ամենակարևորն է, չարածը որպես գործ ներկայացնելու:
-Ձեր պատասխանը բազում շերտեր (օտարամոլները կասեին՝ «պլաստեր») է պարունակում: Այնտեղ առկա փակագծերը կբացենք առաջիկա հարցազրույցներից մեկում:
-Պատրաստ եմ: Սիրով:
-Այժմ անդրադառնանք կարևոր մի խնդրի. այսօր տիրապետող է այն կարծիքը, թե «Իսագուլյանն անվերջ հայհոյում է ներկայիս իշխանավորներին, երկրի նախագահին»: Ասել է՝ նշանակվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունը:
-Ասեմ, որ ես երբեք հայհոյանքներով չեմ զբաղվում, ես ներկայացնում եմ իրերի իրական վիճակը, քննադատում եմ այն, ինչ համարում եմ սխալ՝ զուգահեռաբար ներկայացնելով իմ տեսակետը այդ հարցերի նկատմամբ, իսկ համագործակցության առումով՝ ես համագործակցում եմ բոլոր նրանց հետ, ում գործունեությունը բխում է մեր պետության ու ազգի շահերից՝ անկախ տվյալ մարդու զբաղեցրած պաշտոնից՝ լինի դա շարքային քաղաքացի, թե հանրապետության նախագահ:
-Ձեզ հաճախ են բնութագրում որպես Քոչարյանի «մարդը»: Իրականում Դուք ո՞ւմ մարդն եք:
-Ինձ բնութագրել են տարբեր կերպ, իսկ վերջին մեկուկես տասնամյակում՝ սկզբում որպես Սերժ Սարգսյանի մարդը Ռոբերտ Քոչարյանի ապարատում, իսկ հետագայում՝ որպես Ռոբերտ Քոչարյանի մարդը Սերժ Սարգսյանի ապարատում, և այդպես շարունակ: Ես բազմիցս ասել ու կրկնում եմ, որ ես Գառնիկ Իսագուլյանն եմ և միշտ պաշտպանում եմ ճշմարտությունն ու չեմ հանդուրժում, երբ ոմանք փորձում են իրենց մեղքը այլոց վրա բարդել: Այդ իսկ առումով նման բնութագրումներին վերաբերվում եմ ի միջի այլոց և ընդհանրապես որևէ նշանակություն չեմ տալիս՝ շարունակելով այն գործը, որն ինքս եմ համարում ճշմարիտ:
-Վերջերս հաճախ եք ընդգծված համակրանքով խոսում քառյակի (թե՝ եռյակի), հատկապես ԲՀԿ-ի մասին: Պարոն Իսագուլյան, այս առակը զի՞նչ ցուցանե:
-Շատ պարզ բան: Հայկական քաղաքական իրականության մեջ առաջացել է մի իրավիճակ, երբ տարբեր հայացքների և ուղղվածությունների տեր քաղաքական ուժերն ընկալել են մի պարզ իրողություն, որ ներկա ձախողումների հիմնական պատճառը գործող իշխանություններն են՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» քաղաքական ուժի գլխավորությամբ, որի միակ խնդիրը ոչ թե պետության ու ժողովրդի հոգսերն են, այլ վերարտադրվելու մոլուցքը, և պայքարում են դրա դեմ: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կերպարով, Հայաստանի քաղաքական մշակույթ է բերում մի երևույթ, որտեղ ակնառու է, թե ինչպես ոչ մի խնդիր չունեցող հաջողակ գործարարն ու քաղաքական գործիչը իր անձնական բարեկեցությունն ու շահը ստորադասում է պետության ու ժողովրդի բարեկեցությանն ու շահին:
-Վիճելի տեսակետ է, որին ևս կանդրադառնանք առաջիկայում: Այսօր, խնդրում եմ, պատասխանեք վերջին մի հարցի. ինչպե՞ս ընդունեցիք այն իրողությունը, որ այսօր Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը:
-Այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում, երբ սպանվել էր ՀՀ պատվարժան քաղաքացի, և ծանր վիրավորվել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպա, ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ամենում հիմնական կասկածյալը Սուրիկ Խաչատրյանն է, ու գործը դեռևս ամենևին էլ ավարտված չէ, սա կարող է նշանակել մեկ բան. նպատակ կա ժողովրդին վերջնականապես ահաբեկելու, քանզի վաղը միայն նման մեթոդներով ներկա իշխանությունները կարող են ունենալ վերարտադրման հնարավորություն: Այս քայլը բարոյական տեսանկյունից վերջնականապես բացահայտեց, որ գործող իշխանություններն ունակ չեն ձեռնարկելու մի գործընթաց, որը բխում է պետության ու ժողովրդի շահերից, այդ թվում՝ նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ